ՇԱՐՔ` ԲԱԼԻԿԻՍ
Երազել եմ թևերիս մեջ, գիրկս առնել փոքրիկ էակ,
Երազել եմ ու փայփայել հույսը՝ պահած սրտում իմ թանկ,
Անրջել եմ լսել ճիչը մանկան՝ անմեղ ու քաղցրահւնչ,
Սիրել, գրկել ու փայփայել, շնչել բույրը նրա անուշ :
Երազել եմ լսել հայրիկ, մայրիկ,- բառերը առաջին,
Մտածել եմ, թե ի՜նչ քաղցր պիտի հնչեն իմ ականջին,
Եվ ամեն ժամ, ամեն րոպե, երբ աճում էր նա սրտիս տակ,
Երջանկությունս դառնում էր օվկիանոսի պես անհատակ :
Եվ ծնունդով անուշ բալիս կյանքս կարծես այլ փայլ ստացավ,
Նրա առաջին գգվանքից իմ արևը պայծառացավ,
Կյանքս լցվեց երջանկության անշեջ, բոցավառ կրակով,
Որ ապրեմ ես իմ բալիկով՝ իմ միակով ու իմ թանկով :
Ո՞Վ Է
ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ
Մի անմեղ էակ, մի փոքրիկ հրեշտակ
Աստված պարգևեց ինձ անգին նվեր,
Բայց հրեշտակը իմ չունի թևեր,
Այլ ունի սևուկ աչքեր աննման,
Երկար թարթիչներ, այտերը՝ ծիրան,
Մի փոքրիկ քիթիկ ու փոքրիկ բերան,
Ձեռքերը նուրբ են, մատները՝ բարակ,
Ոտքերը շարժում է արագ-արագ,
Ձայնը հնչում է այնպ՜ս քաղցրանուշ,
Ժպիտը պայծառ, բուրմունքը՝ անուշ :
Ես ստեղծել եմ մի դրախտ աշխարհ
Իմ ու իմ փոքրիկ հրեշտակի համար,
Ուր միշտ գարուն է, արևը՝ անմար,
Ուր միայն լույս ու բարին է տիրում,
Իմ հրեշտակին ես շա՜տ եմ սիրում :
ԵՐՋԱՆԻԿ ԵՄ
Երջանիկ եմ ես իմ բալիկներով`
Իմ կյանքի ծառի զույգ տերևներով,
Ջերմ արեգակիս լույս շողիկներով,
Վաղորդյան ամբից, նուրբ ցողիկներով:
Կյանքս լցվել է ժիր աստղիկներով,
Իմ կյանքի ծովի զույգ ալիքներով,
Սիրուն ու համով մռութիկներով.
Երջանիկ եմ ես իմ բալիկներով: